Մի օր պատմությունը կարձանագրի, որ սեպտեմբերի 10-ը ՏԻՄ-երի դեմ իշխանության տոտալ հարձակման ամսաթվերից մեկն է:
Երևանի ավագանու երեք ընդդիմադիր անդամներ մանդատներից զրկվեցին՝ միայն այն պատճառով, որ ընդդիմադիր են, որովհետև բոյկոտը քաղաքական փոքրամասնության կարևոր գործիքներից մեկն է:
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կազատազրկվի 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով. դատարանը մեղադրական որոշում կայացրեց։
Սա էլ անցանկալի համայնքապետից ազատվելու նոր գործիք է: Առուշը չհամաձայնեց հեռանալ պաշտոնից, որովհետև համարում էր, որ դատարանի որոշումը չի կարող վերաբերելի լինել ՏԻՄ ղեկավարին, որի պաշտոնանկության հիմքերը սահմանում է օրենքը:
Փաստորեն, Փաշինյանի իշխանությունը Առուշի առաջ դրեց երկընտրանք՝ հրաժարական կամ կալանք: Եթե սա ավտորիտարիզմ չէ, բա ի՞նչ է:
Հիմա ի՞նչ պիտի անեն երևանցիները, գորիսեցիները:
Պետք է ընդունեն Տիգրան Ավինյանի նետած մարտահրավերը:
«Ուզու՞մ եք նոր ընտրություններ, մենք երբեք դրանից չենք խորշել, երբե՛ք։ Եկեք մեխանիզմը քննարկենք, գնանք այդ նոր ընտրություններին»,- այսօր ասել է Ավինյանը:
Սա այն դեպքն է, որ համաձայն եմ Ավինյանի հետ՝ մեկ լրացումով. այդ ընտրությունները պետք է «քաղաքական գերազման» դարձնել ՔՊ-ի համար:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ